«Օլիմպիկ Լիոնը» պաշտոնապես բողոքարկել է Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆինանսական վերահսկողության մարմնի (DNCG) որոշումը, որով ակումբը կարող է տեղափոխվել Լիգա 2: Հայտարարության մեջ ակումբը որոշումը համարել է անընդունելի՝ ընդգծելով վերջին ամիսների ֆինանսական ներդրումները և տնտեսական վիճակի էական բարելավումը:
«Մենք ապահովել ենք պահանջվող կապիտալը և ցույց տվել ֆինանսական կայունություն: «Քրիսթալ Փելասի» վաճառքից հետո մեր բյուջեն լիովին բավարար է 2025/26 մրցաշրջանի համար: Նման հզոր ակումբը վարչական որոշմամբ չի կարող իջեցվել լիգայից», – նշված է ակումբի հայտարարության մեջ:
«Լիոնը» հիշեցրել է, որ վերջին երկու տարիներին անընդմեջ նվաճել է եվրագավաթային ուղեգրեր, իսկ 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Ֆրանսիայի առաջնությունում՝ ապահովելով Եվրոպա Լիգայի ուղեգիր: Այս արդյունքները, ակումբի կարծիքով, վկայում են նրա մարզական և ֆինանսական կայունության մասին:
Այժմ «Լիոնը» պատրաստվում է բողոքարկման գործընթացում ապացուցել իր վճարունակությունը՝ նպատակ ունենալով պահպանել տեղը Լիգա 1-ում: