Մեր ցլիկը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Սպերցյանի հետևից հերթ են կանգնել թոփ ակումբները։ Հայ կիսապաշտպանը հետաքրքրել է նույնիսկ Չեմպիոնների Լիգայի հաղթողին։ Այսպիսի նախաբանով հոդված է գրել «Советский спорт»-ի լրագրող Դմիտրի Չեռնոուսովը՝ փորձելով հասկանալ, թե ուր է տանելու ճանապարհը հայ կիսապաշտպանին։
Չեմպիոն «Կրասնոդարի» ավագն ու առաջնորդը՝ Էդուարդ Սպերցյանը, արդեն մի քանի տարի գրավում է Եվրոպայի առաջատար լիգաների ակումբների ուշադրությունը։ Վաղուց հայտնի է անգլիական «Լիդսի» հետաքրքրությունը, որի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն 2022-ի ձմռանը միայն մի քանի շաբաթ է աշխատել Սպերցյանի հետ։ Բայց այժմ հայ կիսապաշտպանի վրա աչք են դրել ավելի խոշոր ակումբներ։

Transfer Feed-ի տեղեկություններով՝ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։ Անգլիական ակումբը Էդուարդին դիտարկում է որպես Բրունո Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ Վաղուց պտտվում են լուրեր, որ պորտուգալացին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Բրիտանական մամուլը նույնիսկ հաստատել է նրա գործակալի բանակցությունները «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ։ Բնական է, որ թիմի առաջատար խաղացողի հնարավոր հեռացումը ստիպում է «Յունայթեդին» փնտրել նոր հարձակողական կիսապաշտպանի։
Շատերի համար անսպասելի է, որ ընտրությունը կանգ է առել Սպերցյանի վրա։ Սակայն, եթե ուշադիր նայենք, դա այնքան էլ զարմանալի չէ։ «Կարմիր սատանաները», հավանաբար, Սպերցյանի մեջ տեսել են Ֆերնանդեշին բնորոշ առաջնորդական հատկանիշներ։ Երկուսն էլ խաղում են նույն դիրքում, կրում են ավագի թևկապը և դաշտում կատարում են համակարգող դեր՝ պատասխանատու լինելով նաև ստանդարտ իրավիճակների համար։ Նրանց նմանություններն ակնհայտ են։
Ավելի հետաքրքիր է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Չեմպիոնների Լիգայի հաղթող ՊՍԺ։ Փարիզցիները, ամենայն հավանականությամբ, Սպերցյանին դիտարկում են որպես բարձրակարգ ռոտացիոն խաղացող, այլ ոչ թե մեկնարկային կազմի անհապաղ ուժեղացում։ Լուիս Էնրիկեի թիմի կիսապաշտպանությունը՝ Վիտինյայի, Ֆաբիան Ռուիսի և Ժոաու Նևեշի ներկայությամբ, լավ կառուցված և հավասարակշռված է։ Նման համակարգում նոր խաղացողի ներդրումը, հատկապես առանց եվրոպական փորձի, կտրուկ քայլ կլինի։
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը չպետք է պայքարի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։ Եթե Սպերցյանն ու ՊՍԺ-ն ընտրեն միմյանց, հարմարվելու շրջանը, ամենայն հավանականությամբ, կանցնի առանց լուրջ խոչընդոտների։ Դրան կօգնի նաև Մատվեյ Սաֆոնովը, ով արդեն հաջողությամբ հարմարվել է թիմին և բավական խաղեր է անցկացրել՝ լինելով «երկրորդ համար»։ Թեև ամռանը շատացել են նրա հեռանալու մասին լուրերը, այս պահին դրանք լուրջ ընդունել պետք չէ։
Անկախ նրանից՝ Սպերցյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» թե ՊՍԺ, այդ տրանսֆերը կդառնա ռուսական միջմրցաշրջանի գլխավոր իրադարձությունը։ Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հնարավոր դժվարությունները։ Անգլիայում կարող են խնդիրներ առաջանալ տրանսֆերի գումարի վճարման հարցում, իսկ Ֆրանսիայում՝ խաղաժամանակի պակասի։ Բայց մի բան պարզ է՝ այն, որ նման հայտնի ակումբներ հետաքրքրված են Սպերցյանով, արդեն իսկ հպարտության առիթ է «Կրասնոդարի» համար։ Ակնհայտ է, որ Էդուարդի տեղափոխությունն եվրոպական թոփ առաջնություն այլևս մոտ է։