Հայաստանի ազգային հավաքականի ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը 3-ամյա պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Ֆուտբոլիստը պաշտոնապես ներկայացվել է որպես սերբական ակումբի խաղացող։ Վերջինս հանդես կգա 71 համարի խաղաշապիկով։
«Տպավորություններս շատ դրական են, եկել եմ մեծ ակումբ, որը մասնակցում է եվրոպական մրցաշարերին։ Գիտակցում եմ իմ վրա դրված պատասխանատվությունը։ Հուսով եմ՝ կարող եմ օգտակար լինել «Ցրվենա Զվեզդային»։ Թեպետ սա իմ առաջին օրն է այստեղ, արդեն ծանոթացել եմ թիմակիցներիս և մարզչական շտաբի հետ։ Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասում էի։ Չեմ կարող օբյեկտիվորեն խոսել իմ ֆուտբոլային որակների մասին, դա թողնում եմ մարզչական շտաբի գնահատականին։ Թիմի հետ գլխավոր նպատակս Չեմպիոնների լիգան է»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերում «Ցրվենա Զվեզդայի» պաշտոնական կայքը։
Նաիր Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության առիթով իր գոհունակությունն է հայտնել նաև ակումբի սպորտային տնօրեն Միտար Մրկելան։
Թիկնիզյանն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր պաշտպանությունում արդեն երրորդ նորեկն է։ Կարծում եմ՝ այս ընթացքում մենք լիովին վերակառուցել ենք մեր պաշտպանական գիծը՝ ներգրավելով փորձառու ֆուտբոլիստներ։ Թիկնիզյանը նրանցից մեկն է։ Նա մեծ փորձ ունի ռուսական Պրեմիեր լիգայում։ Նրան ճանաչում են ինչպես Մոսկվայի ԲԿՄԱ-ի, այնպես էլ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմից։ Նա Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացողներից է։ Կարծում եմ՝ նրա գալուստը մեծ ձեռքբերում է, որովհետև նա արագ ֆուտբոլիստ է, ունի լավ հատկանիշներ։ Նրա մասնակցությամբ մեր պաշտպանությունն ավելի հուսալի կլինի, իսկ ձախ եզրով նրա առաջխաղացումներն էական օգուտ կտան թիմին։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում այդ տեսանկյունից մենք կտրուկ կուժեղանանք, – ասել է Միտար Մրկելան։