«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մամուլի ասուլիսում խոսել է Ակումբային աշխարհի առաջնությունում «Պաչուկայի» դեմ սպասվող հանդիպման մասին՝ ընդգծելով խաղի կարևորությունը․
– Սպասում ենք ինտենսիվ խաղի։ Ցանկանում ենք լավ հանդես գալ և հաղթել։ Այսպիսի կարճ մրցաշարում, նախորդ ոչ-ոքիից հետո, պարզապես պարտավոր ենք հաղթել։ Ուզում ենք մեր խաղում ամբողջականություն տեսնել՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, – նշել է Ալոնսոն։
Մարզիչն անդրադարձել է նաև Վինիսիուս Ժունիորի պատրաստակամությանը․
– Նա լավ վիճակում է։ Չեմ կարծում, թե նրան պետք է «վերականգնել». նա արդեն բավական որոշիչ ֆուտբոլիստ է։ Նա ունի եզակի և անկանխատեսելի խաղաոճ։ Հուսով եմ՝ վաղը նրա դերը վճռորոշ կլինի, ինչպես ամբողջ մրցաշրջանում։
Ալոնսոն լավատես է Կիլիան Մբապեի առողջական վիճակի վերաբերյալ․
– Նա մի քանի օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։ Ամեն օր իրեն ավելի լավ է զգում։ Հույս ունենք, որ նա պատրաստ կլինի «Զալցբուրգի» դեմ խաղին։
Մարզիչը խոսել է նաև թիմում առկա վնասվածքների մասին․
– Ռյուդիգերը վիրահատությունից հետո արդեն կարող է վերադառնալ ընդհանուր խմբին։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Մյուս վնասվածք ունեցող խաղացողները դեռ ժամանակի կարիք ունեն։ Դրանք երկարաժամկետ վնասվածքներ են, և պետք է համբերատար լինել։
Խաղից առաջ Ալոնսոն կարևորում է ինտենսիվությունը, կոլեկտիվ ջանքը և նոր գաղափարներին հարմարվելը․
– Մենք գործընթացի մեջ ենք։ Շարունակում ենք սովորել և վստահ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։
Աղբյուրը՝ «Ռեալի» պաշտոնական կայք