ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի թոփ առաջնության ակումբ, որը կպայքարի մեդալների և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
25-ամյա Սպերցյանը, ով «Կրասնոդարի» սան է, անցած մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։
— Սպերցյանն արդեն ապացուցել է իրեն ՌՊԼ-ում։ Նա տարեցտարի առաջադիմում է և «Կրասնոդարի» խաղի շարժիչ ուժն է՝ ղեկավարելով թիմը դիրիժորի նման։ Նրա հեռանալը կորուստ կլինի ակումբի համար, բայց պետք է հասկանալ նաև ֆուտբոլիստին։ Նա գերազանցել է ռուսական առաջնության մակարդակը և ցանկանում է խաղալ թոփ ակումբում։
Մարզիկը միշտ ձգտում է ավելիին և ցանկանում է մրցել բարձր մակարդակով։ Կարծում եմ՝ Սպերցյանը հենց դա է փնտրում։ Եթե նա որոշի հեռանալ, խորհուրդ կտայի իսպանական առաջնությունը՝ խաղաոճի և որակի համար։ Պետք է ընտրել թոփ-5 առաջնություններից մեկը և ակումբ, որը պայքարում է մեդալների ու Չեմպիոնների լիգայի համար, — ասել է Գրիշինը «Все на Матч!» հաղորդման եթերում։