«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հայտարարել է, որ Նաիր Թիկնիզյանի սկանդալային հարցազրույցը որևէ կերպ չի ազդել նրա՝ բելգրադյան «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության որոշման վրա:
Ավելի վաղ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ Թիկնիզյանը մոտ է բելգրադյան ակումբ տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի 29-րդ տուրում «Լոկոմոտիվի» և ԲԿՄԱ-ի միջև խաղից հետո (2:2) Թիկնիզյանը լրագրողներին հայտնել էր, որ իրեն զգում է «ինչպես աղբ»՝ դժգոհելով խաղաժամանակի պակասից: Նա նաև նշել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կդիմի ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլ տալ հեռանալ:
«Թիկնիզյանի հեռանալու որոշումը միայն իր ցանկությունն էր: Հարցազրույցը ոչ մի կերպ չի ազդել: Դա հուզական պոռթկում էր: Նա ցանկանում էր փոխել միջավայրը և փորձել իր ուժերը եվրոպական ակումբում: Հուսով ենք՝ դա նրան օգուտ կբերի: Շնորհակալություն ենք հայտնում Նաիրին «Լոկոմոտիվում» անցկացրած ժամանակի և խաղերի համար: Սակայն գործարքը դեռ ավարտված չէ, և վաղ է վերջնական հայտարարություններ անել»,- «Матч ТВ»-ին ասել է Գալակտիոնովը:
Հարցին, թե արդյոք Թիկնիզյանի հեռանալու դեպքում կողմերը կպահպանեն լավ հարաբերություններ, Գալակտիոնովը պատասխանել է.
«Իհարկե, մեր հարաբերությունները միշտ եղել են գործնական և բարեկամական: Ոչ մի վեճ չի եղել: Նրա հուզական արձագանքը կապված էր վերջին երկու խաղերում խաղաժամանակ չստանալու հետ»:
Անցած մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:
2024/25 մրցաշրջանում «Լոկոմոտիվը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նոր առաջնությունը կմեկնարկի 2025 թվականի հուլիսի 18-ին: