Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ Կիլիան Մբապեն պետք է 2025 թվականին դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Իսպանացի ֆուտբոլիստի խոսքով՝ հարձակվողն իր կարիերայի սկզբից արդեն արժանի է եղել չորս կամ հինգ նման մրցանակի։
«Ես «Ոսկե գնդակը» կտայի Մբապեին։ Դա ոչ միայն մեր ընկերության պատճառով է, այլ որովհետև նա գրանցում է հիանալի արդյունքներ։ Սա ֆուտբոլում ամենակարևոր անհատական մրցանակն է, սակայն դրա շնորհման չափանիշները ինձ համար անհասկանալի են։ Մբապեն գոլեր է խփում, դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Թեև «Ռեալը» այս մրցաշրջանում տիտղոսներ չի նվաճել, Կիլիանն ապացուցել է իր բացառիկ տաղանդը։
Եթե որոշումը կախված լիներ միայն ինձանից, կարծում եմ՝ Մբապեն արդեն կունենար չորս կամ հինգ «Ոսկե գնդակ»։ Նա աննման տաղանդի տեր է։ Չնայած «Ռեալի»՝ առանց տիտղոսների մրցաշրջանին, Կիլիանն անցկացրել է հիանալի մրցաշրջան և ցույց է տվել, որ ամենաբարձր մակարդակի խաղացող է», – Ռամոսի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
2024/25 մրցաշրջանի արդյունքներով 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 խաղ, խփել է 43 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։