«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։
Ավելի վաղ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Матч ТВ»-ի հետ զրույցում հաստատել էր, որ Թիկնիզյանը տեղափոխվում է սերբական «Ցրվենա Զվեզդա»։
– Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության շուրջ բանակցությունների վերջին փուլն է ընթանում։ Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։
Թիկնիզյանը 26 տարեկան է։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ավելի վաղ ֆուտբոլիստը նշել էր լրագրողների հետ զրույցում, որ իրեն չի բավարարում խաղաժամանակը «Լոկոմոտիվում», ուստի մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ակումբի ղեկավարությանը խնդրել իրեն ազատ արձակել։ Կիսապաշտպանի պայմանագիրը «կարմիր-կանաչների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։