«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռայան Շերկին արձագանքել է իրեն Կևին Դե Բրույնեի հետ համեմատություններին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջիկայում վիճակված է փոխարինել բելգիացուն, ով լքում է թիմը 10 տարվա հաջողակ ելույթներից հետո։
«Ես Կևին Դե Բրույնեն չեմ, նա լեգենդ է։ Ես այստեղ եմ՝ օգնելու «Մանչեսթեր Սիթիին»։ Մեր թիմում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են։ Այս պահին պարզապես պետք է աշխատեմ և սպասեմ իմ հնարավորությանը», – Շերկիի խոսքերն են փոխանցում անգլիական լրատվամիջոցները։
21-ամյա ֆուտբոլիստը «Լիոնից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցած շաբաթ՝ մոտ 40 միլիոն եվրոյի դիմաց։ Կևին Դե Բրույնեն, իր հերթին, կտեղափոխվի իտալական «Նապոլի»՝ ազատ գործակալի կարգավիճակով։