«Բարսելոնան» նոր քայլեր է ձեռնարկել Նիկո Ուիլյամսի հնարավոր տրանսֆերի ուղղությամբ։ Իսպանական աղբյուրների համաձայն՝ ակումբի սպորտային տնօրեն Դեկոն հանդիպել է «Ատլետիկի» ֆուտբոլիստի գործակալ Ֆելիքս Տայինտայի հետ՝ քննարկելու նախորդ տարի տապալված գործարքի վերակենդանացման հնարավորությունը։
Նիկո Ուիլյամսի անունը վերջերս կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրա պայմանագրում նշված է 62 միլիոն եվրոյի հրաժարագին, որը պատրաստ են ակտիվացնել «Արսենալն» ու «Բավարիան»։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը նախընտրում է մնալ Լա Լիգայում, և «Բարսելոնան» նրա համար մնում է գերակա տարբերակ, եթե ակումբը կարողանա հաղթահարել ֆինանսական խնդիրները։
Հաղորդվում է, որ Ուիլյամսը լավ հարաբերություններ ունի «Բարսելոնայի» մի շարք խաղացողների հետ և բաց է տեղափոխության գաղափարի համար։ Սակայն «Բարսելոնայի» առաջնային նպատակը մնում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Լուիս Դիասը, ում տրանսֆերը նույնպես բարդ է իրականացնել։
Բացի Դիասից, Դեկոն բանակցություններ է վարել նաև Մարկուս Ռեշֆորդի գործակալի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդից» նրա հնարավոր վարձակալությունը դիտարկվում է որպես այլընտրանք։
Չնայած անցյալ տարի բաց թողնված հնարավորությանը՝ Նիկո Ուիլյամսը կրկին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Հարց է մնում՝ արդյո՞ք այս անգամ ակումբը պատրաստ է վճարել հրաժարագինը և լուծել խաղացողի գրանցման հետ կապված խնդիրները։
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն էլ, իր հերթին, Instagram-ի story բաժնում իր և Ուիլյամսի համատեղ լուսանկարն է տեղադրել։