Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտարարվել է «Յուվենտուսի» պաշտոնական կայքում։
«Կիրք։ Խարիզմա։ «Յուվենտուսի» ոգին։ Բառեր, որոնք կատարելապես արտացոլում են, թե ինչ է Իգոր Տուդորը բերել «Յուվենտուսին» մարտի վերջին թիմը գլխավորելուց ի վեր, և ինչ է նա շարունակելու ներկայացնել առաջիկա տարիներին։
Այժմ պաշտոնական է. Տուդորը երկարաձգել է իր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։ Խորվաթ մարզիչը կգլխավորի թիմը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Նրա հաջորդ մարտահրավերը կսկսվի այս ամռանը, երբ թիմը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու համար», — ասվում է ակումբի հայտարարության մեջ։
«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում։ Թիմը 38 խաղում ունի 70 միավոր։ «Նապոլին» դարձավ երկրի չեմպիոն (82)։