Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է վերանայել «Բարսելոնայի» նկատմամբ նախատեսված 60 միլիոն եվրոյանոց տուգանքը, որը նախատեսվել էր ֆինանսական լծակների կիրառման պատճառով։
Կազմակերպությունը չի ճանաչում այդ մեխանիզմները որպես ստանդարտ եկամտի աղբյուր, ի տարբերություն Լա Լիգայի, որը նման եկամուտը դիտարկում է որպես կանոնավոր շահույթ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացած բանակցություններից հետո կողմերը նախնական համաձայնության են եկել՝ տուգանքը կրճատելու շուրջ։ Մասնավորապես, եթե կատալոնական ակումբը առաջիկա երեք տարում կատարի մի շարք ֆինանսական պահանջներ, տուգանքը կարող է կրճատվել մոտ երեք անգամ։
Այդ պայմանները ներառում են՝
- հավասարակշռված բյուջեի պահպանում,
- ծախսերի և աշխատավարձերի վերահսկողություն,
- ֆինանսական լծակների և ոչ ստանդարտ մեխանիզմների բացառում։
Վերահսկողությունն իրականացվելու է Լա Լիգայի ֆինանսական ստանդարտներին համահունչ։ Եթե «Բարսելոնան» չհամապատասխանի այդ պահանջներին, ակումբը կպարտավորվի վճարել ամբողջական՝ 60 միլիոն եվրոյի տուգանքը։
ՈւԵՖԱ-ն նաև դիտարկում է լրացուցիչ պատժամիջոցներ, այդ թվում՝ եվրագավաթների հայտերի հնարավոր սահմանափակում կամ միավորների հանում։