Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, կանանց և տղամարդկանց ազգային թիմերի անդամները` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները, ծանրամարտի նվիրյալներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին` այցելելով անվանի մարզիկի շիրիմին: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հունիսի 13-ին Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կդառնար 69 տարեկան:
«Յուրի Վարդանյանն այն քիչ մարզիկներից է, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը: Արդեն ի պաշտոնե` ներկայանալով որպես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, միշտ տալիս են Յուրի Վարդանյանի անունը: Այն, ինչ արել է Վարդանյանը որպես մարզիկ, քչերին է հաջողվել` բարձրացնել անհնարինը, մեծ համբավ բերել ոչ միայն իրեն, այլ նաև Հայաստանին: Մենք պարտավոր ենք այսօր այստեղ լինել ոչ միայն մարզիկներով, այլ նաև մեր մյուս գործընկերներով` ցույց տալու, որ հիշում ենք նրա սխրանքը: Նա օրինակ պետք է լինի մյուսների համար»,-ասել է ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` կրտսեր սերունդը պետք է իր հարգանքի տուրքը մատուցի անվանի մարզիկներին:
«Մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր մեծանուն մարզիկներին, որովհետև մեր մարզաձևը` ծանրամարտը, հենց նրանցով է զարգացել: Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական դարձնել ֆեդերացիայի կողմից»,-ասել է Գասպարյանը:
Գյումրեցի լեգենդար մարզիկին հարգանքի տուրք էին մատուցում նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ու կանանց հավաքականի անդամները, որոնց թվում էր նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանն, ով առանձնակի հպարտությամբ խոսեց Վարդանյանի մասին. «Յուրի Վարդանյանը շատ մեծ օրինակ է թե մեզ համար, թե հայկական սպորտի համար: Մեզ համար նա օրինակ է, որ ծանրամարտում կարողանանք անհնարինը հնարավոր դարձնել»: