Ջենարո Գատուզոն դարձել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն, այն բանից հետո երբ Կլաուդիո Ռանիերին հրաժարվեց ստանձնել այդ պաշտոնը:
Sky Sport Italia-ի տվյալներով՝ 47-ամյա մասնագետն առաջիկա օրերին ուղիղ բանակցություններ կվարի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի հետ։
Գատուզոն արդեն քննարկել է նաև ազգային հավաքականում հնարավոր աշխատանքի հարցը Ջանլուիջի Բուֆոնի հետ, որը գլխավորում է ազգային հավաքականի պատվիրակությունը։ Հանդիպումը դրական է եղել, և Գատուզոն պատրաստակամություն է հայտնել ընդունելու առաջարկը։
Գատուզոն հունիսի 5-ին լքել է խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իր կարիերայի ընթացքում իտալացի մասնագետը գլխավորել է նաև «Մարսելը», «Վալենսիան», «Նապոլին», «Միլանը» և այլ թիմեր։ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի երկու տուրից հետո Իտալիայի հավաքականն ունի երեք միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։