Ավստրալիայի հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպմանը (2-1) հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի հավաքականին և հաջորդ տարի հանդես կգա Աշխարհի առաջնությունում։
Ավստրալիան C խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վաստակելով 13 միավոր և ուղիղ ուղեգիր նվաճեց դեպի մրցաշար։ Սաուդյան Արաբիան զբաղեցրեց երրորդ տեղը և հանդես կգա լրացուցիչ փլեյ-օֆֆում։ Կանոնակարգի համաձայն՝ իրենց խմբերում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը հաջորդ փուլում կբաժանվեն երեք թիմից բաղկացած երկու խմբի, խմբերի հաղթողները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, երկրորդ տեղը գրաված թիմերը հանդես կգան փլեյ-օֆֆում, իսկ հաղթողը կմասնակցի միջմայրցամաքային անցումային հանդիպմանը։
Նշենք, որ Ավստրալիան Աշխարհի առաջնությանը կմասնակցի վեցերորդ անգամ անընդմեջ։
Առաջիկա Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես կգա 48 թիմ։