Հայաստանի չեմպիոն «Նոայի» 21-ամյա ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին Евро-Футбол-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր ֆուտբոլային ճանապարհի և ապագայի նպատակների մասին։
Դարպասապահը «Կրասնոդարի» սան է, Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման, որոնցից 10-ում դարպասը պահել է անառիկ։
— Շնորհավորում ենք չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչի՞ շնորհիվ «Նոան» նվաճեց տիտղոսը:
— Շնորհակալություն: «Նոայի» հաջողությունը օրինաչափ էր: Ակումբի նախագահից մինչև անձնակազմ՝ բոլորը միավորված էին մեկ նպատակի շուրջ: Առաջին հավաքից մարզչական շտաբն ու ղեկավարությունը մեզ առաջ դրեցին առավելագույն խնդիրներ՝ դառնալ Հայաստանի չեմպիոն, դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ և նվաճել Հայաստանի գավաթը: Մենք հասանք այդ նպատակներին:
— Ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանի առաջնությունում մեկուկես տարի առաջ:
— «Կրասնոդարում» խաղաժամանակ չունենալու պատճառով ստիպված էի կայացնել դժվար որոշում՝ տեղափոխվել Հայաստան: Շնորհակալ եմ Չարենցավանի «Վանի» մարզչական շտաբին և ղեկավարությանը, որ հավատացին ինձ և հնարավորություն տվեցին հանդես գալ մեծահասակների ֆուտբոլում: Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսի ավարտից հետո առաջարկ ստացա «Նոայից»:
— Ինչպե՞ս կգնահատես Հայաստանի առաջնության մակարդակը՝ համեմատած ՌՊԼ-ի հետ:
— Դժվար է համեմատել, քանի որ երկու առաջնություններն ունեն իրենց առանձնահատկությունները: Ռուսական ակումբներն ավելի շատ ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ ունեն, սակայն հայկական թիմերի առաջընթացը, հատկապես առաջնության առաջատար թիմերի, չի կարելի թերագնահատել: «Նոայի», «Արարատ-Արմենիայի», «Ուրարտուի», «Փյունիկի» և «Վանի» մակարդակը, կարծում եմ, ՌՊԼ-ի և Ռուսաստանի Առաջին լիգայի միջև է:
— Կարելի՞ է համեմատել «Նոան» և «Կրասնոդարը»: Երկուսն էլ երիտասարդ ակումբներ են և վերջերս առաջին անգամ դարձան չեմպիոն:
— Այո, երբ առաջին անգամ ծանոթացա «Նոայի» կառուցվածքին, նկատեցի, որ նրա զարգացման ռազմավարությունն ու կառավարման համակարգը շատ նման են «Կրասնոդարին»: Երկու ակումբներն էլ գտել են իրենց ուղին և առաջ են շարժվում՝ օրինակ ծառայելով լիգայի մյուս թիմերին:
— Ինչպե՞ս սկսեցիր ֆուտբոլով զբաղվել և հայտնվեցիր «Կրասնոդարի» ակադեմիայում:
— Ծնվել եմ Կրասնոդարում: 9-ից 14 տարեկանում մարզվել եմ Կրասնոդարի երկրամասի ֆուտբոլային ակադեմիայում, ուր ինձ տարավ հայրս: 15 տարեկանում մասնակցեցի «Կրասնոդարի» կողմից կազմակերպված դարպասապահների ընտրությանը, որտեղ 34 տղաներից միայն ես անցա: Շնորհակալ եմ ծնողներիս, որ աջակցեցին ինձ՝ փորձելու ուժերս «Կրասնոդարի» ակադեմիայում:
— Ի՞նչ կասես Սերգեյ Գալիցկու մասին:
— Շատ հարգում եմ Սերգեյ Նիկոլայիչին՝ որպես մարդ և գործարար, որը մեծ ներդրում ունի քաղաքի, երկրամասի և ամբողջ Ռուսաստանի համար: Նա ստեղծել է հիանալի պայմաններ ակադեմիայում և ակումբում, որպեսզի խաղացողները հասնեն առավելագույն արդյունքի: Նրա շնորհիվ Կրասնոդար քաղաքը՝ իր ստադիոնով, ակադեմիայով, ակումբով և այգով, դարձել է կարևոր վայր շատերի համար:
— Կապի մե՞ջ ես «Կրասնոդարի» ներկայիս կազմի հետ:
— Ոչ, իմ ուղին «Կրասնոդարի» համակարգում ավարտվեց երկրորդ երիտասարդական մրցաշրջանից հետո: Չեմ խաղացել «Կրասնոդար-2»-ում կամ հիմնական կազմում: Կապ եմ պահպանում միայն մի քանի ընկերների հետ, որոնք նույնպես լքել են ակումբը:
— Հնարավո՞ր էր հանդես գալ «Կրասնոդարի» հիմնական կազմում:
— Անկեղծ ասած՝ ոչ: Այդ ժամանակ հիմնական դարպասապահներ էին Մատվեյ Սաֆոնովը և Ստանիսլավ Ագկացևը: Նրանց տեղը խլելը գրեթե անհնար էր:
— Երազո՞ւմ ես խաղալ «Կրասնոդարի» հիմնական կազմում:
— Մարզիկները մի փոքր սնահավատ են, ուստի թույլ տվեք խուսափել այս հարցից: Ժամանակը ցույց կտա:
— Իսկ եվրոպական մեծ ակումբում խաղալու մասին երազո՞ւմ ես:
— Հաջողակ մարզիկները սահմանում են իրատեսական, բայց հավակնոտ նպատակներ՝ բաժանելով դրանք փուլերի: Չեմ ուզում նշել կոնկրետ ակումբներ: Ինձ համար կարևոր է գտնել թիմ, որի խաղաոճը համապատասխանի իմ հմտություններին:
— Որո՞նք են քո խաղաոճը, ուժեղ և թույլ կողմերը:
— Ժամանակակից ֆուտբոլը արագ է փոխվում, և դարպասապահը պետք է ոչ միայն պաշտպանի դարպասը, այլև խաղա որպես դաշտային լրացուցիչ խաղացող: Փորձում եմ զարգացնել ոտքով խաղը, որպեսզի թիմն օգտագործի դա որպես առավելություն: Դարպասապահի համար ամենաբարդը օդային պայքարում արդյունավետ լինելն է և ոտքով խաղի հմտությունները:
— Transfermarkt-ը նշում է, որ քո պայմանագիրը «Նոայի» հետ ավարտվում է ամսվա վերջում:
— Դա սխալ տեղեկություն է: Իմ պայմանագիրը «Նոայի» հետ երկարաժամկետ է, ինչը վկայում է ակումբի վստահության մասին: Խաղադաշտ դուրս գալու հարցը որոշում է մարզչական շտաբը:
— Անցած աշնանը մասնակցել ես Կոնֆերենցիաների լիգայի չորս խաղի:
— Զարմանալի մթնոլորտ էր և անմոռանալի տպավորություններ: Կոնֆերենցիաների լիգայի խաղային արագությունը, մրցակիցներն ու ճնշումը բոլորովին այլ մակարդակ են: «Նոան»- նախորդ մրցաշրջանում միակ ակումբն էր, որ սկսելով առաջին փուլից՝ անցավ բոլոր որակավորման փուլերը: Հպարտ եմ, որ դարձա հայկական և եվրոպական ֆուտբոլի պատմության մաս:
— Խաղացե՞լ ես «Չելսիի» դեմ «Սթեմֆորդ Բրիջում»:
— Այդպիսի հայտնի ստադիոնում խաղալը, այն էլ ֆուտբոլի հայրենիքում, աննկարագրելի է: «Սթեմֆորդ Բրիջի» տրիբունաները մոտ են խաղադաշտին, և երկրպագուների էներգիան ուղղակիորեն փոխանցվում է խաղացողներին: «Չելսին», անկասկած, օգտվում է այդ «տասներկուերորդ խաղացողի» առավելությունից:
— Դժվա՞ր է մրցակցել փորձառու Չանչարևիչի հետ:
— Նա «Նոայի» և Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն է: Դժվար է խոսել մրցակցության մասին: Ես փորձում եմ օգնել նրան՝ ճիշտ բաշխելով ծանրաբեռնվածությունը եվրոպական, ազգային առաջնության և հավաքականի խաղերում: Նրա կողքին մարզվելը օգնում է ինձ արագ զարգանալ: Հույս ունեմ երկար աշխատել Օգիի հետ:
— Նա գոլ է խփել Կոնֆերենցիաների լիգայում՝ ԱԵԿ-ի դեմ խաղում: Պատրաստվո՞ւմ ես նման բան անել:
— Օգնենի գոլը եղավ կարևոր պահին, երբ թիմին դա անհրաժեշտ էր: Նման պահերն հազվադեպ են և երկար են հիշվում: Ես կուզեի օգնել թիմին իմ հիմնական պարտականություններով, բայց եթե հնարավորություն լինի գոլային պահ ստեղծել, ցանկանում եմ, որ դա լինի թիմի համար առավելագույն օգտակար պահին: