2024 թվականի նոյեմբերի 24-ին Սերիա D-ի շրջանակում կայացած «Միլան» — «Պրո Սեստո» հանդիպման գլխավոր մրցավար Գաբրիելե Կաջարին երկու տարով որակազրկվել է: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
«Պրո Սեստոյի» կիսապաշտպան Ալեսանդրո Սալան խաղի ընթացքում խնդրել է փոխարինել իրեն՝ պատճառաբանելով, որ մրցավարը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին: Ֆուտբոլիստի խոսքով՝ վեճի ժամանակ Կաջարին իրեն քաղցկեղ է մաղթել:
«Կյանքը մեզ տալիս է և՛ ուրախություն, և՛ կարևոր պահեր, բայց նաև փորձություններ: Ես ցանկանում էի ժպիտով հիշել մորս՝ ուժեղ և վճռական կնոջ, որը պայքարում էր քաղցկեղի դեմ և միշտ զոհաբերությունների էր գնում հանուն իր երեխաների: Վերջին խաղում տհաճ միջադեպ տեղի ունեցավ:
Կարծում եմ՝ նախքան նման խոսքեր ասելը պետք է մտածել դրանց լրջության մասին, հատկապես, երբ դու ներկայացնում ես մարդկանց, ովքեր պարտավոր են խաղադաշտում պահպանել հարգանքն ու կանոնները», — գրել է Սալան սոցիալական ցանցում՝ հրապարակելով իր մոր լուսանկարը, որը մահացել է քաղցկեղից: