Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի լավագույն խաղացող: Իսպանիան 5:4 հաշվով հաղթել է Ֆրանսիային, իսկ Յամալը դարձել է հանդիպման գլխավոր հերոսը՝ ձևակերպելով դուբլ՝ 54-րդ րոպեին 11-մետրանոցից և 67-րդ րոպեին խաղային դրվագից:
ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները նշել են. «Նա ոչ միայն երկու գոլ խփեց, այլև մշտական վտանգ էր ներկայացնում Իսպանիայի հարձակման գծում: Այդ տարիքում նման հասունություն ցուցաբերելն աննախադեպ է»:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հավաքականի կազմում արդեն անցկացրել է 20 խաղ՝ խփելով 6 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում: Ըստ Transfermarkt պորտալի՝ նրա շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո:
Ազգերի լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին Մյունխենում. Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ: Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանսիան կխաղա Գերմանիայի դեմ: