Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում ազգային գավաթների մրցաշարերն այս մրցաշրջանում ևս արդեն ավարտվել են։ Նշենք, որ բացի տիտղոսից, գավաթի մրցաշարում հաղթանակը պարգևում է նաև եվրագավաթային ուղեգիր։
🏆 Անգլիա
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Նյուքասլ Յունայթեդը» հաղթել է «Լիվերպուլին»։ «Նյուքասլը», որն առաջին անգամ հաղթեց Լիգայի գավաթը, առաջնությունում արդեն իսկ նվազագույնն ապահովել է ԿԼ-ի ուղեգիրը և ԱՊԼ-ի վերջին տուրում հավակնում է նույնիսկ ՉԼ-ի ուղեգրի։ Այնպես որ, Անգլիայից Կոնֆերենցիաների լիգա կարող է ուղևորվել մեկ այլ ակումբ։
Իսկ ահա Անգլիայի գավաթի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում նվազագույն հաշվով (1-0) հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի գավաթը։
🏆 Իսպանիա
Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Բարսելոնան» Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում 3-2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Մադրիդին»։ Այսպիսով, «Բարսելոնան» իր պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի թագավորական գավաթի հաղթող։ Կատալոնական ակումբը թոփ լիգաներում ՊՍԺ-ի հետ միասին միակ թիմն է, որն այս մրցաշրջանում բացի չեմպիոնությունից նաև հաղթել է Գավաթի մրցաշարում։ Այնպես որ, ԵԼ-ի ևս մեկ ուղեգրի սեփականատերը կլինի Իսպանիայի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած թիմը՝ «Սելտան»։
🏆 Իտալիա
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած եզրափակիչում «Բոլոնիան» հաղթեց «Միլանին» և նվաճեց Իտալիայի գավաթը (1-0)։ «Բոլոնիան» գավաթը նվաճեց պատմության մեջ երրորդ անգամ և առաջին անգամ 1974 թվականից ի վեր։ Գավաթների քանակով ռեկորդակիրը «Յուվենտուսն» է (15): «Բոլոնիան» նվաճեց նաև Եվրոպա լիգայի ուղեգիր։
🏆 Գերմանիա
«Շտուտգարտը» Գերմանիայի գավաթի մրցաշարի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 4-2 հաշվով առավելության հասավ «Արմինիայի» նկատմամբ՝ պատմության մեջ չորրորդ անգամ դառնալով Գերմանիայի գավաթակիր։ Այսպիսով, «Շտուտգարտը» 28 տարվա դադարից հետո կրկին հաղթում է այս մրցաշարում։ Վերջին անգամ թիմը Գերմանիայի գավաթը նվաճել էր հեռավոր 1996/97 մրցաշրջանում։ Թիմը նվաճեց նաև ԵԼ-ի ուղեգիր։
🏆 Ֆրանսիա
Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն 3-0 հաշվով հաղթեց «Ռեյմսին»։ ՊՍԺ-ն պատմության մեջ 16-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Փարիզցիները նաև դասական թրեբլի միակ հավակնորդներն են, որը ենթադրում է Չեմպիոնների լիգայի, առաջնության և ազգային գավաթի հաղթանակ․ վերջին երկուսն Էնրիկեի թիմն արդեն հաղթել է։ ՉԼ-ի եզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի «Ինտերի» հետ։ Քանի որ ՊՍԺ-ն Ֆրանսիայում դարձել էր նաև չեմպիոն, այսպիսով Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում «Լիոնը», իսկ «Ստրասբուրգը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիագում։
Վար Բաբայան