Ֆուտբոլի Եվրոպայի 2028 թվականի առաջնության հանդիպումների անցկացման վայրերի ցանկում ի սկզբանե ներառված մարզադաշտերից մեկն այլևս չի կիրառվի։
Խոսքը Բելֆաստի մարզադաշտի մասին է, որը բացառվել է, քանի որ վերակառուցման ծախսերը սկզբնական 180 միլիոն ֆունտից հասել են ավելի քան 400 միլիոն ֆունտի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ պետությունը չի հոգալու այդ ծախսերը, քանի որ մեծ ռիսկ կա, որ մարզադաշտը չի վերակառուցվի ժամանակին: Այս մասին ասվում է Հյուսիսային Իռլանդիայի պետքարտուղար Հիլարի Բենի եւ սպորտի նախարար Լիզա Նանդիի համատեղ նամակում, գրում է Daily Sport-ը։
Այսպիսով, 2028 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ոչ թե տասը, այլ ինը մարզադաշտերում՝ Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում։ Մարզադաշտերի ցանկում են «Ուեմբլին», «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտը, «Էթիհադ» մարզադաշտը, «Վիլա Պարկը», «Սենտ Ջեյմս Պարկը», «Էվերթոնի» նոր մարզադաշտը, ինչպես նաև Գլազգոյի, Քարդիֆի և Դուբլինի ազգային մարզադաշտերը: