«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է գերազանցել ակումբի պատմության բոլոր հնարավոր հակառեկորդները: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում ոչ տպավորիչ ելույթ է ունենում՝ զբաղեցնելով 14-րդ տեղը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 33-րդ տուրում նրանք սեփական խաղադաշտում պարտվեցին «Վուլվերհեմփթոնին» և վերաշարադրեցին ակումբի պատմությունը։ Բանն այն է, որ Պրեմիեր լիգայում առաջին անգամ թիմը մեկ մրցաշրջանում կրել է 15 պարտություն (1992/93 մրցաշրջանից)։
Վերջին անգամ մանկունիանցիներն այդքան շատ են պարտվել 1989/1990 մրցաշրջանում՝ Առաջին դիվիզիոնի ժամանակաշրջանում: Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 16 անգամ և 48 միավորով զբաղեցրել 13-րդ հորիզոնականը:
Հարկ է նշել, որ «Վուլվսից» կրած պարտությունը թիմի համար արդեն 8-րդն է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սեփական խաղադաշտում: Նրանք «Օլդ Թրաֆորդում» այդքան շատ չեն պարտվել 1962/63-ից ի վեր: