Մադրիդի «Ռեալը» վերսկսել է բանակցությունները թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Հաղորդվում է, որ վերջին շրջանում Վինիսիուսը շահավետ առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Բրազիլացուն առաջարկվել է հնգամյա պայմանագիր, որի ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 1 միլիարդ եվրոյի։
Այնուամենայնիվ, Վինիսիուսը հրաժարվել է նման երկարաժամկետ համաձայնագրից՝ նախընտրելով երկու-երեք տարվա պայմանագիր։ Համաձայն աղբյուրի՝ հենց սա է դարձել գլխավոր խոչընդոտը սաուդյան ակումբների հետ գործարքի կնքման ճանապարհին։
Սրանով պայմանավորված՝ զգալիորեն մեծացել է Վինիսիուսի՝ Մադրիդի «Ռեալի» հետ համագործակցությունը շարունակելու հավանականությունը։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և, ըստ հաղորդվող տեղեկությունների, դրանք ընթանում են դրական հունով՝ մոտեցնելով բրազիլացուն նոր պայմանագրի ստորագրմանը։
Նշենք, որ Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման՝ խփելով 19 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։