«Փյունիկն» այն թիմն է, որը միշտ եղել է օրինակ շատերի համար՝ իր բնավորությամբ, պատմությամբ ու արդյունքներով»: Այս մասին ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Հիմա ժամանակն է դարձյալ օրինակ ծառայել՝ այս անգամ՝ դժվարություններից դուրս գալով։ Դա ինձ մոտիվացնում է։ Ես ուզում եմ ապացուցել, որ «Փյունիկը» նաև այս հարցը կարող է լուծել:
Մենք արդեն ապացուցել ենք՝ անհաջողությունից հետո հնարավոր է հասնել մեծ հաղթանակի։ Դա արել ենք, այն ժամանակ, երբ վերջին տեղում էինք ու հաջորդ մրցաշրջանում դարձանք չեմպիոն։ Հիմա էլ պիտի նույնը անենք՝ անհաջողությունները պիտի դարձնենք հաջողություն։ Մեզ պետք է ժամանակ, հավատ ու աշխատանք»,- նշել է մասնագետը:
«Ես հիմա չեմ փնտրում պատճառներ, չնայած դրանց մասին երկար կարող եմ խոսել, ես փնտրում եմ՝ լուծումներ։ Հավատը միշտ առաջնահերթ է եղել մեզ համար։ Ես հայտնվել եմ մի բարդ իրավիճակում, որտեղ փորձում եմ ինձ վրա վերցնել պատասխանատվությունը ու իմ թիմին դուրս բերել այս վիճակից։ Այս ամենի ֆոնին, ես ուրախ եմ, որ մեր հանդերձարանում՝ առողջ ու միասնական մթնոլորտ է։ Մենք պիտի միասին հաղթահարենք սա՝ ինչպես նախկինում ենք արել։ Մենք պայքարելու ենք»,- եզրափակել է Մելիքյանը: