Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ու հիմա ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կփոխարինի անվանի մասնագետին ու կլինի Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերում Հունաստանի և Իտալիայի դեմ։
Երկրպագուների շրջանում հիմնականում արծարծվում է «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի անունը։
Չի բացառվում նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի ժամանակավոր նշանակումը։
Առաջարկում ենք մասնակցել ArmSport-ի նոր հարցմանն ու Ձեր կարծիքը հայտնել՝ քվեարկելով կայքի աջ հատվածում․

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք 12 հանդիպում է անցկացրել, որոնցից 5-ում հաղթանակ է տարել, 5-ում՝ պարտվել է, ևս 2-ում գրանցվել է ոչ-ոքի արդյունքը։
Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերը Հայաստանի հավաքականը կանցկացնի հաջորդ ամիս․ նոյեմբերի 15-ին մեր ընտրանին Երևանում կհյուրընկալի Հունաստանի հավաքականին, իսկ նոյեմբերի 18-ին Պալերմոյում կմրցի Իտալիայի հետ։