ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը: Ըստ այդմ` առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նրա խոսքով՝ գործող օրենքում չկա լիազորող նորմ, որի համաձայն` կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգը: Կարևորելով վաստակաշատ, սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց վաստակի յուրատեսակ գնահատականը: Նախագծով առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: