Մադրիդի «Ռեալում» աստիճանաբար աճում է դժգոհությունն թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ։ Նրա խաղային անկայունությունը և վարքագիծը ստիպում են ակումբի ղեկավարությանը մտածել հնարավոր վաճառքի մասին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայիններն» արդեն կազմել են փոխարինող հարձակվողների կարճ ցուցակը։ Դրանում ընդգրկված են «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը և «Նապոլիի» հարձակվող նիգերիացի ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։
Նշվում է, որ հնարավոր տրանսֆերի դեպքում «Ռեալը» կարող է ձեռք բերել կենտրոնական հարձակվող, ինչի շնորհիվ Կիլիան Մբապեն կկարողանա մշտապես խաղալ ձախ եզրում՝ իր նախընտրելի դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում Վինին մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։