Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը երեկ ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ են սկսելու ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա մինչև քվեարկությունը չհայտնի ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու ժամկետի մասին։
ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ջանջոյանի հնչեցրած մտքերի:
«Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։
Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:
Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են:
Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար:
ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասվում է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: