«Լիվերպուլի» աջ պաշտպան Թրենտ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է ակումբի նոր առաջարկը՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ և գրեթե համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին «սերուցքայինների» և անգլիացի ֆուտբոլիստի միջև բանակցությունները ավարտին են հասցված 99%-ով։ Նշվում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը ամեն ինչ արել է, որպեսզի համոզի Ալեքսանդր-Առնոլդին մնալ թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ըստ Transfermarkt պորտալի տվյալների՝ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։