Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) նախագահի պաշտոնում:
Նախկինում նա հայտնել էր իր ցանկությունը մասնակցելու 2026-ին նախատեսված ընտրություններին, սակայն հանդիպելով դիմադրության՝ որոշել է հրաժարվել:
«Ես չկարողացա ներկայացնել իմ նախագիծը, քանի որ 27 ֆեդերացիաներից 23-ը փակեցին իրենց դռները իմ առջև: Նրանք աջակցում են ներկա ղեկավարությանը, և ես հարգում եմ նրանց որոշումը», — գրել է Ռոնալդոն սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն, հաղթել Ամերիկայի գավաթը և Կոնֆեդերացիաների գավաթը: