Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ այն բանից հետո, երբ հեռացվել էր խաղադաշտից Իսպանիայի առաջնության՝ «Խետաֆեի» դեմ խաղում (1:2) մրցավարին վիրավորելու համար։
Ըստ Marca-ի՝ Լա Լիգայի կանոնակարգի համաձայն՝ մրցավարի, մրցավարների օգնականների, չորրորդ պաշտոնյայի, ղեկավարների կամ մարզական իշխանությունների հասցեին վիրավորանքը կամ վիրավորական արտահայտությունը, եթե դա ավելի լուրջ խախտում չէ, պատժվում է 4-ից 12 խաղով որակազրկմամբ:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը կարմիր քարտ էր ստացել «Խետաֆեի» դեմ խաղի 87-րդ րոպեին։ Խաղադաշտից հեռացվելիս Կորեան մի շարք անպարկեշտ արտահայտություններ է արել մրցավարի և նրա մոր հասցեին։ Այս խոսքերը հանդիպման հաշվետվության մեջ արձանագրվել են պատվիրակի կողմից։