«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկվել է ինը ամսով։ Այս մասին հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղում (2:1) Ֆոնսեկան «ֆիզիկական բռնություն է գործադրել» մրցավար Բենուա Միլոյի նկատմամբ։
Մարզիչը դժգոհ է եղել մրցավարի որոշ որոշումներից և դա արտահայտել է մրցավարի երեսին բղավելով՝ Ֆոնսեկան ավելացված ժամանակում կարմիր քարտ է ստացել։
Այժմ Ֆոնսեկային մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը արգելվում է պաշտոնապես կատարել իր պարտականությունները խաղերից առաջ և ընթացքում, լինել պահեստայինների նստարանին։ Մինչև սեպտեմբերի 15-ը մարզչին արգելված է այցելել նաև «Լիոնի» հանդերձարան։
Պաուլու Ֆոնսեկան «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարի 31-ին։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում պորտուգալացին աշխատել է «Միլանում»։