«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Լիգա 1-ի 24-րդ տուրի «Բրեստի» հետ խաղում (2:1) խաղադաշտից հեռացվելուց հետո կարող է որակազրկվել մինչև 7 ամսով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆոնսեկան իր հետխաղյա ասուլիսում ներողություն է խնդրել կատարվածի համար։ Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Լիգա 1-ի կարգապահական կոմիտեն նախատեսում է լուրջ պատժամիջոցներ կիրառել պորտուգալացու նկատմամբ։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հանդիպման վերջնամասում բախվել է հանդիպման մրցավար Բենուա Միլոյի հետ և սկսել ագրեսիվ կերպով բարձրաձայնել իր բողոքները։ Մրցավարին ու մարզչին բաժանել է Լիոնի կիսապաշտպան Կորենտին Տոլիսսոն։