Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի գրանցման հետ կապված խնդիրների մասին։
«Երբ ասացի, որ սպասում եմ, դա այն պատճառով էր, որ սպասում էի, որ «Բարսան» կլուծի իր խնդիրները: Օգոստոսից «Բարսան» չորս ամիս ժամանակ ուներ լուծումներ գտնելու համար: Ժամանակ ու հնարավորություն կար աշխատելու, բայց նրանք ամեն ինչ թողեցին վերջին պահին։
Հունվարի 3-ին «Բարսելոնան» ներկայացրեց այն երաշխիքները, որոնք մենք պահանջում էինք, քանի որ ակումբը շատ վճարունակ չէր թվում։ Գումարը փոխանցվեց, այնուհետև ուղարկվեց Իսպանիայի Բարձրագույն սպորտային խորհրդին (CSD), և 24 ժամ անց հարցը լուծվեց։ Սա նախազգուշական միջոց էր, որը կասկածի տակ էր դնում որոշ հարցեր։ Օլմոն ստորագրեց իր համաձայնագրերը՝ իմանալով, որ դեկտեմբերին կարող է չգրանցվել։ Նա գիտեր, որ դա կարող է պատահել իր հետ։ Օլմոն չպետք է ավարտի Լա Լիգան «Բարսայի» կազմում, մենք շատ հստակ հայտարարություն արեցինք»,- մեջբերում է Տեբասին Mundo Deportivo-ն։
Հունվարի 8-ին հայտնի դարձավ, որ Իսպանիայի Բարձրագույն սպորտային խորհուրդը (CSD) թույլ է տվել ժամանակավորապես գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի հայտացուցակներում, չնայած Լա Լիգայի և Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի մերժմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ խփելով 7 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։