«Ռոմայի» թվիթերյան էջում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցեր է ուղղել երկրպագուներին, նախ, ինքը պատասխանելով դրանց։ Մխիթարյանը հարցրել է՝ ինչ տպավորություններ ունեին երկրպագուները «Ռոմայի» կազմում իր նորամուտի խաղից։
««Օլիմպիկո» մարզադաշտում առաջին խաղիցս տպավորություններս հիանալի էին, տպավորված էի, ոգևորված, որովհետև գոլի հեղինակ դարձա։ Ես բավականին երկար ժամանակ՝ երկու շաբաթ սպասել էի «Ռոմայի» մարզաշապիկով իմ նորամուտի խաղին։ Խաղից հետո շատ երջանիկ էի»,- ասել է Մխիթարյանը։

Մեր ֆուտբոլիստը նաև հարցրել է՝ «Ռոմայի» որ մարզաշապիկն են ամենաշատը սիրում երկրպագուները՝ ափսոսանք հայտնելով, որ ինքը «գայլերի» շատ մարզաշապիկներ չի հասցրել հագնել ու թեև հիմա հագին կապույտ մարզաշապիկն է, բայց ինքը կարմիրն է նախընտրում։
Մխիթարյանը նաև խնդրել է երկրպագուներին ֆիլմեր կամ սերիալներ խորհուրդ տալ իրեն, քանի որ ժամանակի մեծ մասը հիմա տանն է անցկացնում ու ընտանիքի հետ լինելուց և մարզվելուց, բացի նաև ֆիլմեր դիտելու ժամանակ ունի։

«Շնորհակալություն բոլորիդ պատասխանների համար։ Հիանալի էր բոլորիդ մի փոքր ավելի լավ ճանաչելը։ Հույս ունեմ՝ բոլորդ առողջ եք ու կարողանում եք հաղթահարել այս դժվարին ժամանակը։ Անհամբեր սպասում եմ խաղերին վերադառնալուն, բայց մինչ այդ մնացե՛ք անվտանգ։ Forza Roma»,- երկրպագուների հետ իր հարցազրույցը եզրափակել է հայ ֆուտբոլիստը: