«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնն անգլիական Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել դարպասապահների շրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով։ Այս մասին հայտնում է Opta Sports տելեգրամյան ալիքը։
Այսօր՝ փետրվարի 15-ին, Անգլիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ տնային խաղում Էդերսոնի փոխանցումից հետո գոլ է խփել հարձակվող Օմար Մարմուշը: Խաղն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի»՝ 4:0 հաշվով հաղթանակով:
Էդերսոնը Պրեմիեր լիգայում իր կարիերայի ընթացքում 6 գոլային փոխանցում է կատարել՝ առաջ անցնելով Փոլ Ռոբինսոնից (5): Բացի այդ, Էդերսոնը դարձել է Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին դարպասապահը, որը մեկ մրցաշրջանում երեք գոլային փոխանցում է կատարել։ Բրազիլացի խաղացողը նախկինում օգնել է թիմակիցներին «Բրենտֆորդի» և «Չելսիի» դեմ հանդիպումներում:
Ընթացիկ մրցաշրջանում Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ բաց թողնելով 38 գոլ և 5 անգամ դարպասն անառիկ պահելով։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։