«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, նշել է, որ կցանկանար թիմի հետ դուրս գալ խոշոր միջազգային մրցաշարի։
33-ամյա Բայրամյանը, ով վերջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական 2023 թվականի մայիսին, խոստովանել է, որ երազում է թիմի հաջողության մասին, սակայն հրավերների հարցն իր իրավասությունից դուրս է։
«Ես ինձ գործող ֆուտբոլիստ եմ զգում, իսկ հավաքականի խաղացող եմ, թե ոչ՝ դա որոշում են նրանք, ովքեր հրավիրում են։ Ե՞րբ կմասնակցի Հայաստանի հավաքականը խոշոր մրցաշարի։ Ես դրա մասին եմ երազում։ Կարող եմ միայն հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ տեղի ունենա։ Մեր երկիրը, մեր ազգը դրան արժանի է», – ասել է նա Sport24-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 14 հանդիպման Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, սակայն դեռ չի կարողացել աչքի ընկնել գոլերով։