«Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի հրաժարագնի չափը, որը մյունխենյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը 100 միլիոն եվրոյի դիմաց, կազմում է 65 միլիոն եվրո:
Փորձառու հարձակվողի պայմանագրում նշված գնման կետը ուժի մեջ կմտնի 2026 թվականի ձմռանը, հայտնում է գերմանական Sport Bild առցանց հրատարակությունը։ Քեյնի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 26 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։ Նա դարձել է 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Քեյնի շուկայական արժեքը գնահատում է 90 մլն:
Նշենք, որ մյունխենյան ակումբի կազմում իր նորամուտի մրցաշրջանում անգլիացին ոչ մի տիտղոս չի նվաճել։