Միլանի «Ինտերը» տպավորիչ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Այս մասին հայտնում է Opta-ն։
«Ներաձուրիները» լիգայի փուլի վերջին տուրի խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարան «Մոնակոյի» նկատմամբ (3:0)։ Լաուտարո Մարտինեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Յան Զոմերը կրկին անառիկ պահեց դարպասը։
Opta-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» դարձել է առաջին թիմը 2016 թվականից ի վեր, որը Չեմպիոնների լիգայի 6 անընդմեջ տնային խաղերում ոչ մի գոլ բաց չի թողել։ Ինը տարի առաջ դա հաջողվեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Վերջին իտալական թիմը, որը գրանցել է նման հաջողություն, «Յուվենտուսն» էր 2005 թվականին:
Նշենք, որ 1/8-րդ եզրափակիչում «Ինտերի» չորս հավանական մրցակիցների թվում են «Միլանը», «Յուվենտուսը», ՊՍՎ-ն և «Ֆեյենորդը»։