«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ինչպես է շփվելու «քաղաքայինների» նորեկ՝ ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի հետ։ Շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, Խուսանովն իր նորամուտն է նշել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 23-րդ տուրի՝ Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում (3:1):
Առաջին րոպեներին նրա թույլ տված սխալից հետո լոնդոնցիները 3-րդ րոպեին բացել են խաղի հաշիվը, իսկ Խուսանովը զգուշացվել է դեղին քարտով։
— Դիտարկե՞լ եք Խուսանովին խաղի հինգերորդ րոպեից հետո փոխարինելու հնարավորությունը։
-Դե, ես պետք է ռուսերեն կամ ուզբեկերեն սովորեմ նրա հետ շփվելու համար:
Նա անգլերեն չի խոսում, ուստի մենք նրա հետ չենք շփվել: Նա լավ կլինի։ Նա ընդամենը մեկ կամ երկու մարզում է անցկացրել։ Ես չէի ուզում արագացնել Ջոն Սթոունսի վերադարձը վնասվածքից՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը [հունվարի 29-ին «Բրյուգեի» դեմ]:
Ֆուտբոլիստները համախմբված են, և դա չափազանց կարևոր է։ Ցանկացած մարդ կարող է սխալվել։ Երկրպագուները միշտ աջակցում են նորեկներին: Նա դեռ շատ երիտասարդ է։ Նա կսովորի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
20-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Սիթիին» միացել է «Լանսից» հունվարի 20-ին: Այս մրցաշրջանում Խուսանովը «Լանսի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո։
Անցկացրած 23 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 41 միավորով։ Հաջորդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կխաղա Լոնդոնի «Արսենալի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: