Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
Ընտրությանը ներկա է եղել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։ Ներկա էին նաև այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
«Ծանրամարտը Հայաստանում երկար տարիների ավանդույթ ունի: Դեռևս 2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերից սկսած՝ Հայաստանը միշտ օլիմպիական մեդալներ է նվաճել: Եվ այս ամենը մեզ ցույց է տալիս, որ Հայաստանում ծանրամարտը զգալի տեղ է զբաղեցնում: Մեզ համար հպարտություն է, որ Հայաստանում ծանրամարտն առաջին տեղերում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ ասել է Ջալուդը:
Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում: Հարությունյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի, հետագայում նաև՝ մագիստրոսի որակավորում: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:2018-2019 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
2019-2020 թվականներին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: