Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
✅ ՊՍԺ-ն հայտնել է վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Վրացի ֆուտբոլիստը տեղափոխվել է փարիզյան ակումբ իտալական «Նապոլիից», որի կազմում նա հանդես էր գալիս 2022 թվականից։ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, որ ֆրանսիական գրանդը Կվարացխելիային ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով՝ չհաշված հավելավճարները։
✅ Լիտվայի ազգային հավաքականի 24-ամյա վինգեր Մատաս Վարեյկան տեղափոխվել է Երևանի «Փյունիկ»։ Այս մասին հայտնել է Transfermarkt-ը։ Հաղորդվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Վարեյկան «Փյունիկ» է տեղափոխվել Լիտվայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող «Հեգելման» ակումբից։ Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ տարի մասնակցել է 32 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։
✅ «Վոլֆսբուրգը» «Բրյուգեից» ձեռք է բերել Անդրեաս Սկով Օլսենի տրանսֆերը: Ֆուտբոլիստը չորսուկես տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Դանիացին 25 տարեկան է և իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Սկով-Օլսենը «Բրյուգեի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ «Վոլֆսբուրգը» դանիացի վինգերի տրանսֆերի դիմաց վճարել է 14 մլն եվրո։
✅ Արգենտինացի հարձակվող Սեբաստիան Դրիուսին վերադարձել է Արգենտինայի առաջնություն։ Այժմ նա կներկայացնի տեղի թոփ ակումբներից մեկը՝ «Ռիվեր Փլեյթը»: Դրիուսին 28 տարեկան է։ Հիշեցնենք, որ նա «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայի սան է։ Նա վերադարաձել է հարազատ ակումբ MLS-ի ամերիկյան «Օսթին» ակումբից։ Տրանսֆերի արժեքը կազմել է 9,75 մլն եվրո։
✅ «Միլուելի» կիսապաշտպան Ռոմաին Էսեն կարիերան կշարունակի ԱՊԼ-ում՝ «Քրիսթալ Փելասի» կազմում։ Չեմպիոնշիփի ակումբն իր պատմության մեջ ռեկորդային գումար է վաստակել տրանսֆերից՝ 14,2 մլն եվրո։ Էսեն Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի է։
✅ Ամերիկացի ձախ պաշտպան Ջոն Տոլկինը «ՌԲ Նյու Յորքից» տեղափոխվել է գերմանական «Հոլշտեյն»: Տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 մլն եվրո: Նա ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում արդեն անցկացրել է 4 հանդիպում։
✅ Դանիացի կենտրոնական պաշտպան Սեբաստիան Օտոան «Օլբորգից» տեղափոխվել է իտալական «Ջենոա»: Տրանսֆերի արժեքը կազմել է 2,75 մլն եվրո: Նա Դանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է։
✅ Ֆրանսիացի պաշտպան Վոյո Կուլիբալին իտալական «Պարմայից» տեղափոխվել է անգլիական «Լեսթեր»: Տրանսֆերի արժեքը կազմել է 3 մլն եվրո:
✅ Անգլիացի վինգեր Ջեյդեն Ֆիլոջինը փոխել է ակումբային գրանցումը․ նա «Իպսվիչ Թաուն» է տեղափոխվել «Աստոն Վիլայից»: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ԱՊԼ-ի նորեկը վճարել է 23,7 մլն եվրո։ Սա «Իպսվիչի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է։ Մինչ այդ ամենաթանկարժեքն Օմարի Հատչինսոնի տրանսֆերն էր «Չելսիից»` 23,5 մլն եվրոյով:
Շարքի նախորդ մասերը՝
➡️ Հայկական ակումբների նորեկները, հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, Ալմադան և Խամեսը փոխել են ակումբները
➡️ Հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, անգլիական ակումբների նորեկները
➡️ Սելարայանի նոր թիմը, Ա Սերիայի ակումբի ռեկորդը, դարպասապահների տեղափոխություններ Եվրոպայում
➡️ Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, Տոտենհեմի նոր դարպասապահը, Գաբիգոլը նոր ակումբ ունի