Վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հաստատել է, որ լքում է իտալական «Նապոլին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանավորվել է «Նապոլիի» հետ Կվարացխելիայի տեղափոխման վերաբերյալ։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 70 մլն եվրո, իսկ 23-ամյա ֆուտբոլիստի աշխավարձը կաճի հնգակի։ Ակնկալվում է, որ նա փարիզյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի այս ուրբաթ՝ հունվարի 17-ին։
«Շնորհակալ եմ, Նեապոլ։ Ինձ համար շատ դժվար է, բայց եկել է հրաժեշտի ժամանակը։ Ես այստեղ անցկացրել եմ հրաշալի ժամանակ։ Նեապոլն իմ տունն էր։ Ես դեռ հիշում եմ իմ առաջին գոլը «Նապոլիի» կազմում, հիշում եմ այդ զգացողությունները, և ես դրանք երբեք չեմ մոռանա։ Նեապոլը քաղաք է, որը ապրում է ֆուտբոլով։
Ես ուրախ եմ, որ դարձա այս պատմության մի մասը։ Այստեղ շատ բան եմ սովորել, և՛ դաշտում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ես մեծացել եմ՝ որպես մարդ և որպես ֆուտբոլիստ, և հպարտ եմ, թե ինչի եմ հասել այս թիմի հետ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում աշխատել են «Նապոլիում»։ Հուսով եմ, որ մի օր մենք կրկին կհանդիպենք։ Գիտեմ, որ հիմա ձեր սիրտը կոտրված է, բայց մի օր ես ձեզ ամեն ինչ կպատմեմ»,- ասել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։
Կվարացխելիան «Նապոլիի» կազմը համալրել է 2022 թվականի ամռանը։ Թիմի հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ 2022/23 մրցաշրջանում ճանաչվել է Սերիա A-ի լավագույն խաղացող։