«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դեռ որոշում չի կայացրել իր ապագա ակումբի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Միլանի» միջև համաձայնություն չկա, որի հետ բանակցություններ է վարում անգլիացու գործակալը։ Նշվում է, որ խաղացողի համար պայքարում է նաև «Բարսելոնան», սակայն կատալոնացիներն ակտիվ բանակցություններ չեն վարում այն պատճառով, որ չեն լուծել Անսու Ֆատիի ապագայի հարցը։
Ռեշֆորդի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև «Յուվենտուսը», «Դորտմունդի Բորուսիան» և Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, որոնց անունը չի նշվում:
Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Միլանը» մոտ ապագայում պատասխան է սպասում Ռեշֆորդից, քանի որ անգլիացու ընտրությունը կորոշի ռոսոներիների հետագա բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերի հետ։
ԵՄ անդամ չհանդիսացող խաղացողների քանակային սահմանափակման պատճառով՝ «Միլանը» կարող է թույլ տալ միայն մեկ տրանսֆեր: