Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է «Սպարտակի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Իգնատովի հնարավոր տեղափոխությունը հայկական թիմ:
Դեկտեմբերին ռուս մասնագետը, որը ժամանակին գլխավորել է մոսկովյան ակումբը, հայտարարել էր 24-ամյա խաղացողին «Ուրարտու»-ում տեսնելու ցանկության մասին։
«Կարո՞ղ է Իգնատովը տեղափոխվել «Ուրարտու»: Գիտե՞ք ես ինչքան ցանկություն ունեմ։ Բայց մեր ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են մեր հնարավորությունների հետ։ Շատ ֆուտբոլիստների եմ ցանկանում տեսնել մեր թիմում, բայց մեր նախագահն իր գումարներն է ներդնում, դրանք «Լուկօյլի» կամ «Գազպրոմի» փողերը չեն։ Մենք շատ ուշադիր ենք մոտենում յուրաքանչյուր տեղափոխությանը, հստակ հասկանում ենք մեր հնարավորությունները և փորձում ենք արդյունքի հասնել այս պայմաններում։
Նոր խաղացողներով համալրվելու համար մենք դիտարկում ենք ոչ միայն Ռուսաստանը։ Մեզ հետաքրքրում են ոչ թե ֆուտբոլիստների ազգությունը, այլ նրանց որակները», — Գունկոյի խոսքերն է մեջբերում Odds.ru-ն։
Այս մրցաշրջանում Իգնատովը 9 հանդիպում է անցկացրել «Սպարտակի» կազմում՝ չկարողանալով դառնալ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։