«Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի հեռանալու հարցը շարունակում է մնալ քննարկման առարկա, և պոտենցիալ թեկնածուների թվում նշվում են Սաուդյան Արաբիայի ակումբները։ Սակայն նրանց համար հարձակվողին ձեռք բերելու գործընթացը որոշակիորեն բարդացել է։
Liverpool Echo-ի հաղորդմամբ՝ սաուդյան ակումբները ստիպված կլինեն վաճառել կամ թիմից դուրս գրել ներկայումս իրենց կազմում գտնվող լեգեոներներին։ Սաուդյան լիգայի բոլոր 18 ակումբներն արդեն սպառել են իրենց քվոտան՝ ունենալով ութ լեգեոներ, որոնք 21 տարեկանից բարձր են։
Լիգան խստորեն ընդգծում է, որ որևէ բացառություն չի արվի, և լեգեոներներին հրավիրելու համար ակումբները պետք է հետևեն գործող կանոնակարգերին։
Ավելի վաղ Սալահը նշել էր, որ ինքն ու «Լիվերպուլի» ղեկավարությունը դեռ չեն համաձայնեցրել նոր պայմանագրի մանրամասները։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։