Ավարտին է մոտենում 2024 թվականը, որը հայկական սպորտի համար նշանավորվեց բազում հիշարժան պահերով, հաղթական մրցելույթներով ու մեդալներով: Ընդհանուր առմամբ, հայ մարզիկներն անցնող տարում 384 մեդալ են նվաճել միջազգային տարբեր հարթակներում, որոնցից 123-ը՝ ոսկե, 107-ը՝ արծաթե, 154-ը՝ բրոնզե:
Իհարկե, եղան նաև վայրէջքներ, ցավալի պարտություններ, բայց բոլորիս համար, անկասկած, դեռ թարմ է Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանի արծաթե մեդալը, աշխարհի առաջնությունում կարիերայի առաջին չեմպիոնությունը, ըմբիշ Մալխաս Ամոյանի առաջին Օլիմպիական խաղերն ու բրոնզե մեդալը, Արթուր Դավթյանի ու Արթուր Ալեքսանյանի օլիմպիական արծաթները, «Նոայի» եվրագավաթային տպավորիչ ճանապարհորդությունը, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի աննախադեպ մրցելույթներն ու հայկական սպորտի մյուս կարևորագույն իրադարձությունները 2024 թվականին:
2025-ին ևս նախատեսում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել հայկական և համաշխարհային սպորտի նշանակալի իրադարձությունները, միասին հետևել մեր մարզիկների մրցելույթներին, ականատեսը լինել հաղթանակներին և միասնական լինել նաև պարտությունների ժամանակ:
Սիրելի՜ մարզիկներ և սպորտի սիրահարներ,
Նոր տարին թող դառնա ոչ միայն նոր հաղթանակների տարի, այլև հնարավորություն՝ վայելելու արդեն նվաճած հաջողությունների պտուղները: Յուրաքանչյուր հաղթանակ՝ մեծ թե փոքր, ձեր աշխատանքի, նվիրվածության և ջանքերի արդյունքն է: Մաղթում ենք, որ 2025-ին յուրաքանչյուր հաղթանակը նոր ոգեշնչման աղբյուր դառնա՝ լցնելով ձեր սրտերը հպարտությամբ ու ջերմությամբ:
Նոր տարին թող իր հետ սեր ու ջերմություն բերի ձեր ընտանիքներին, խաղաղություն՝ մեր երկրին, և բազում հաջողություններ՝ հայկական մարզաշխարհին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ