«Բլեքբերնի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ կապված իրավիճակի մասին։ Վերջին խաղերում հարձակվողը չի ընդգրկվել «կարմիր սատանաների» խաղերի հայտացուցակում՝ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի որոշմամբ։
«Նրանք (խմբ.՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը) պետք է աջակցեն Ամորիմին: Նրան հրավիրել են, քանի որ ակումբում իրավիճակը լավագույնը չէ, և նա պետք է զբաղվի այդ հարցով: Ռուբենը պետք է կարողանա անել այն, ինչ հարմար է գտնում։ Մարկուսի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի»,- Շիրերի խոսքը մեջբերում է բրիտանական Mirror առցանց հրատարակությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Մարկուս Ռեշֆորդը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև վեց խաղի է մասնակցել Եվրոպա լիգայում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է երկու հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։