«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը պատասխանել է այն հարցին, թե արդյոք մերսիսայդցիները պլանավորում են հունվարին դուրս գալ տրանսֆերային շուկա։ Ինչպես նշել է հոլանդացի մասնագետը՝ ինքը լիովին գոհ է այն խաղացողներից, որոնց հետ աշխատում է հիմա։
«Մամուլում չե՞ն գրում, որ մենք ուզում ենք ինչ-որ մեկին ձեռք բերել։ Այնպես որ, ես դրա մասին չեմ մտածում: Ես շատ գոհ եմ այն կազմից, որն ունեմ: Նույն բանը ես ասել եմ վեց ամիս առաջ։ Հիշեցնե՞մ արձագանքը: «Այս տղան գի՞ժ է, թե՞ ինչ»:
Բայց ես կարծում եմ, որ ֆուտբոլիստները լիովին արդարացրին իրենց հանդեպ ունեցած վստահությունը»,- Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Այսօրվա դրությամբ «Լիվերպուլը» անցկացրած 18 հանդիպումներից 45 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: