Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 19-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին, որում իր թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
«Մեր տրամադրությունը լավացել է։ Երկրորդ խաղակեսում դժվար էր, մրցակիցը շատ ավելի լավ խաղաց։ Մենք այնքան ուժ չունենք ամբողջ 90 րոպեի ընթացքում մակարդակը պահպանելու համար։ Հուսով եմ՝ նոր տարին կօգնի մեզ վերադառնալ բնականոն հուն: Արդյունքների հասնելու համար պետք է ինչ-որ բան անել։ Այսօրվա խաղում շատ լավ բաներ եղան՝ հաշվի առնելով մեր իրավիճակը։ Մենք ոչ մի հաճույք չենք զգում, միայն թեթևություն: Տարիներ շարունակ մենք անհավանական բաներ ենք արել: Այս արդյունքը լավագույնը չէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անցկացրած 19 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները հունվարի 4-ին կխաղան «Վեսթ Հեմի» հետ։