Մադրիդի «Ռեալի» 32-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան մեքսիկական «Պաչուկայի» հետ 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: Հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։
«Միշտ կարևոր է, որ բոլորը հնարավորություն ունենան խաղալ միմյանց դեմ, հատկապես տարբեր մայրցամաքների չեմպիոնները: Շատ կարևոր է այս միջմայրցամաքային մրցաշարի անցկացումը՝ որոշելու համար, թե ով է լինելու լավագույնը 2024 թվականին։
Հրաշալի բան է, և, իհարկե, օրացույցով միշտ չէ, որ հեշտ է կազմակերպել այս խաղերը, բայց մենք բոլորս անհամբեր սպասում ենք այս խաղին, այս եզրափակիչին: Սա վարձատրություն է այն բոլոր քրտնաջան աշխատանքի համար, որ մենք արել ենք նախորդ մրցաշրջանում:
«Պաչուկա՞ն». Նրանց խաղաոճը երբեմն եվրոպական ֆուտբոլի հակառակն է: Երբեմն փոխվում է ինտենսիվությունը, երբեմն ավելի շատ ֆիզիկական ֆուտբոլ են խաղում, փոխվում է վճռականությունը կամ մարտավարությունը։ Այդ իսկ պատճառով միշտ հաճելի է նման հանդիպումներ անցկացնել: Կարծում եմ, որ դա հիանալի եզրափակիչ կլինի»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: